ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԻԿՈԼԱՅ ԿՈՎԱԼՅՈՎԻ ՀԵՏ

Սույն թվականի ապրիլի 16-ին ՀՀ դատավորների միության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Նիկոլայ Կովալյովի հանդիպումը: Նիկոլայ Կովալյովի այցի հիմնական նպատակը «Արևելյան գործընկերության երկրներում դատախազների անկախության ամրապնդում» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նոր ծրագրի մշակման շրջանակում կարիքների գնահատումն էր ու փորձի ուսումնասիրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես դատախազների անկախությանը վերաբերող հարցեր, այնպես էլ դատավորների անկախության ապահոման երաշխիքների վերաբերյալ հիմնահարցեր: Քննարկվեցին նաև վերոնշյալ ծրագրի շրջանակներում ՀՀ դատավորների միության հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հատկապես կարևորելով այն մեխանիզմներն ու փորձը, որոնք առկա են ՀՀ դատավորների միության՝ Դատավորների միջազգային և եվրոպական միությունների անդամակցության շրջանակներում:

Այցի շրջանակներում Նիկոլայ Կովալյովը հանդիպում ունեցավ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հետ: Քննարկվեցին դատավորի անկախության ինստիտուցիոնալ երաշխիքների հիմնախնդիրները և այլ կարևոր հարցեր: